Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մտավորականություն և իշխանություն

Մտավորականություն և իշխանություն
01.05.2009 | 00:00

ՈՒՐԲԱԹԱԽՈՍՔ
(սկիզբը` թիվ 30-ում)
Հայի դառը ճակատագրի մի ավանդական մա՞սն է սա, թե՞ կարճատեսության, կուրության պտուղ, չգիտակցումն այն հանրահայտ ու բազմիցս հաստատված իրողության, թե ոչ մի արժեք այնքան կայուն ու մշտաշահ չէ, որքան մտքից սերվածը: Անկախ, ազատ Հայաստանի իշխանությունները շարժվո՞ւմ են դեպի որդեգրում այս պարզագույն բանաձևի: Փորձե՞լ են նախ` նյութական ու բարոյական հիմքեր ստեղծել տաղանդների երևան գալու, ապա և նրանց վաստակն աշխարհով մեկ բուն հայկական հողից ճանաչելի դարձնելու մասին: Չէ, առայժմ նշմարելի չէ: Նշմարելի է, որ քաղաքական-կուսակցական մանր, աթոռատենչ վեճերի, քարոզչական տուրուդմփոցների ճահճում անտերության է մատնված վեհի, վսեմի, բարձրացնողի, փառաբերի որոնումը, հաստատումը, տարածումը: Սոսկ յուրային են փնտրում: Թեկուզ մեկանգամյա, թեկուզ մեկ ձայնի մակարդակով: Մտավորականն ընդամենը քվեարկող է և ուրիշ ոչինչ: Իրենց հետ չես` չկաս կամ կաս, բայց այն չես: Հրապարակ նետված այս թեզը հողամշակման պես գրեթե հարյուր տոկոսով իգականացած (տեղ-տեղ` բավական արդյունավետ) մեր ԶԼՄ-ների մի ներկայացուցչուհի, որի կարողությունները չափից ավելի էժան շահագործողները հավատացրել են նրան, թե ինքն իր տեսակի մեջ մի հատիկ է, նորաճանաչի աչքերն աշխարհին հառած հայտարարում է, թե մտավորականությունը «մեր գլխացավանքն» է: Տարբեր վարիացիաներով այս են տարփողում բազմաթիվ մանր ու մանրագույն խմբերի շահերը պաշտպանող վարձկան քարոզչամիջոցները` հեռուստատեսությունից առ թերթեր: Կարծես հենց այս նպատակով են Էկրանի առաջ հավաքվում այս ու այն տիրող, տիրապետության ձգտող ուժերի բացահայտ ծառա, այս առումով ամենքին հայտնի, իրենց հետևից մտավորականություն տանելու անընդունակ, նրան ատող, ի սեր հետապնդիչ անշնորհակալ այդ գործի ժամանակավորապես միավորված հեռուստաուրվականները: Շուրջբոլորում են սեփական անկրկնելիության խիստ գավառական հագուստախորհրդանիշներ կրող, վերջնավանկը օտարավարի ծորացնող, լեզվին զոռ տվող, սոսկ իրենց հայտնությամբ արդեն իսկ ալերգիա առաջացնող էկրանային աղջիկ-տղա մշտահյուրերը և իրարից խոսք փախցնելով, ճվճվալով ասում այն, ինչը հնարավոր է դարձնելու իրենց մյուս այցը տաղավար, բայց ոչինչ չի տալու մարդկանց մտքին ու սրտին: Վճարողի պաշտամունքի նորաձևեր հորինող այս սրա(ստրկա)միտներն իրենք իրենց ասածի վրա քրքջում ու մուր են շպրտում թերթերից ճանկերն ընկածի երեսին: Հաղորդաշարեր` վայրկենաբար թռցրած օտար եթերից, բայց եթե այնտեղ շենշող, տեղինախոս երիտասարդների խումբը չի խնայում սեփական հասարակությանը նախագահից առ դատավոր, ապա այստեղ միտումը հնից հին է ու անպատվաբեր. հիմնական թիրախը մտավոր մարդն է, այսինքն` միակ շնչող, արարող, ինքնություն հարգող ուժը, որը, ավաղ, իսպառ իրավազուրկ և նյութազուրկ է: Հետևեք և անվերապահ կհամոզվեք, որ սուր սլաքն ուղղված է գրչի, վրձնի, բեմի, այլ ասպարեզների ներհուն մշակների դեմ: Գերիշխողը բարի, ծիծաղաբեր, հաճելի և ողջունելի սրամտությունը չէ, տափակաբանությամբ և ճապաղաբանությամբ կոկորդ խրված ժանիքն է սսկացնող: Չեն խնայում լեզվի մաքրության, գրական հայերենի հաստատման համար անհանգստացողին: Արդիականությունից անհուսալիորեն հետ մնացած են համարում կիրթ խոսողին և իրենց ողորմելի սլենգով քաջալերում են օտար բառերը հայոց լեզվականոններով օգտագործող բարոյապես սնանկին, հոգեպես թշվառին: Եվ պատճառը մեկն է` հեռուստաթամադաներն իրենք չեն տիրապետում մայրենիին և դրա անհրաժեշտությունը չեն էլ զգում: Լրատվամիջոցի տերն ինքն առայժմ նման պահանջ չի ներկայացնում, նրան հարկավոր են սոսկ կամակատարներ, որոնք եթերը կպղտորեն զանազան հիմարություններով, հաղորդումը «հետաքրքիր» ու գովազդի համար գերադասելի միջավայր կդարձնեն: Կմոլորեցնեն խակ հանդիսատեսին, նրան կմանկուրտացնեն: Գովազդ, որը քաղաքացիներին կթլոզի մի լավի կողքին գնել անթիվ անորակ, ժամկետանց, կեղծված ուտելիք, հագնելիք, դեղամիջոցներ, կխտացնի խաղամոլների շարքերը կեղտոտ ակնարկներով, թե շտապեք խաղատուն, այնտեղ ձեզ սպասում են անհամար բարիքներ` «հոգեպարար» ժամանցից մինչև ավտոմեքենայի շահում ու սեքս: Ահա սրանց կերպարը: Ահա այս անգամ էլ լկտի ծաղրի առարկա են ավանդական տարազներ կրող, միջազգային արենայում ազգային դիմագծի ցուցադրում պահանջող ստեղծագործողները, չնայած սրանք, այս կույր նմանակողները, հենց նոր վկան են եղել «Եվրատեսիլի» հավակնորդների ընտրական փուլի, որում, հատուկենտ բացառությամբ, սփռվել է բաղաձայնության, մեղեդասպանության, անճաշակության, անարվեստության, ապաշնորհության, ազգաանտեսման համալիր մի ծրագիր: Նրա աղը, ըստ կազմակերպիչների, հավանաբար համարն է, որով երգող-պարող կեսկին-կեստղամարդն ու իրպեսներն ավետելու են արար աշխարհին, թե հայաստանաբնակները հենց այսպիսիներին են համարում երջանիկ: Խե՜ղճ Հայաստան, ա՛յ թե ովքեր են դիմապատկերդ ձևավորողները. նրանք, որ ամուր են իրենց հեռուստաաթոռներին` մոդայիկի սեթևեթանքով ազգը բթացնողները, նրա կարիքների, սոցիալական և մշակութային հոգսերին լիովին անմասն, ազերի-թուրք հոգեկերտվածքին ստրկաբար հավատարիմ անկոչները: Նրանց համար երկրի պատիվը նույնքան սուտ, նույնքան հորինովի երևույթ է, որքան հանրության համար իրենց հերթական մոլեռանդ ներշնչումները, թե «Եվրատեսիլի» ութերորդ հորիզոնականում հանգրվանելը խոշոր հաղթանակ է: Կարծես այդ մրցույթում չկա առաջին, երկրորդ, գոնե երրորդ մխիթարական տեղ: Ժամերով եթերը լցնում են տխուր փաստն անզուսպ հրճվանքի նյութ դարձնող քսուների շաղակրատանքով:
Մտավորական… Անընկճելի, անորսալի, իրենց պատերում խուլ փակված հեռուստաքաջերը նրանից զատ էլ ո՞ւմ «բռնացնեն», քիչ թե շատ նա է երևում, մյուս դասակարգերն, ախր, չքացել են, իրենց տեղը զիջել վաշխառուներին, ռեստորան-խաղատուն-պոռնկատուն բանեցնողներին, պաշտոնավոր հայրերի հրամայական աջակցությամբ բանկեր, մարկետներ, երթուղիներ բացած որդիներին, բերովին հազար ու մի խորամանկությամբ անվերջ թանկացնող ու, չգիտես ինչու, աներեր մնացող ներմուծողներին, արտահանելիի արտադրությունն ու արտահանումը կաշկանդողներին, հարկերից խուսափող մագնատներին, սրանց ահեղապաշտոն հովանավորներին: Սրանք մեր այս «խնդասերների» տեսադաշտ չեն ընկնում, համ էլ սրանց ծաղր ուղղելն անվտանգ չէ` կհետևի գործավտարումից առ կրակահերթ ու մահ սեփական դռների առջև: Չեն էլ ընկալում, որ իրենց արածը կատակ չէ, այլ աններելի սխալ, անպատժելի լպիրշության մի երևակում։ Իրենք խոսում են, հռհռոցով գալարվում ու ծամածռվում, ուրիշին խոսք չեն տալիս: Պատրանք է ստեղծվում, թե ձեռառնվողը համաձայն է իրենց ասածին, տեսեք` ձայն չի հանում: Մտավորականության նսեմացման, նվաստացման պատվեր կատարողները, անվայել այս թեմաներով փսլինք ծորացնող մոդայահարմար բարբաջողներն ու մրողները, որոնք մտովի իրենց, անշուշտ, իսկական մտավորական են համարում, գլխի չեն ընկնում (թե ե՞րբ կընկնեն` աստված գիտե), որ իրենք ուտում են իրենց, որ նրանց ընդամենն ինքնակերի դեր է պարտադրված: Ամենքը ոչնչացնում են մեկին և մեկը ոչնչացնում է ամենքին: Ջնջվում, հողին են հավասարեցվում գրողը և գրականությունը, նկարիչը և նկարչությունը, թատրոնը և թատերգությունը, ճարտարապետը և ճարտարապետությունը, գիտնականը և գիտությունը, դպրոցը և մանկավարժությունը` այսպես հերթով ու շարունակ: Թափ է առնում մանրատման, ջլատման, իրար վրա քսի տալու զարհուրելի մի արշավ, որի հետևում առաջին հերթին կանգնած են քաղաքական այն կուսակցությունները, որոնք, իբր, իշխանական կոալիցիայի անդամ են: Իրականում այնտեղ բուն դրած ամեն ուժ, բարձրաձայն իրեն միասնականության մարտիկ համարելով, տակից, ծածուկ, ի հեճուկս մյուս գործակիցների, ամրացնում է ձայնորսիչ իր դիրքերն ի հաշիվ մյուսի թուլացման: Դպրոցի տնօրենը հարում է մի կուսակցության, կրթության նախարարը` այլ, ամեն մեկը իր կողմն է ձգում զանգվածին` ավարտին երեք մատի կոմբինացիա պարզելով թե՛ միամիտ հավատացյալին, թե՛ հաշվենկատ հետևորդին:
(շարունակելի)
Ռաֆայել ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3514

Մեկնաբանություններ